Նախաձեռնության մասին

Հայկական գորգագործական արվեստի պահապան Մեգերյան կարպետը կյանքի է կոչել մի նախաձեռնություն, որը կարող ենք իրաԳՈՐԾԵԼ միասին։ Հայկական ավանդության մեջ գոյություն ունի կապելու, հանգուցելու հավատքը, որով ուժ, կարողություն ու խորհուրդ ենք փոխանցել սերնդեսերունդ։ Այսօր այս նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուրս կարող ենք մեր հանգույցն ունենալ, որպես երազանք հզոր հայրենիքի, որպես հիշատակ կամ ի պատիվ մեր զինվորի։ Հանգուցելով կապը՝ մեր հավատն ու սերը շշնջանք մեր մշակույթին, մեր հայրենիքին, մեր զինվորին։ Յուրաքանչյուր հանգույցի արժեքն է 2 դոլլար։ Արևագորգը պատրաստ լինելուց հետո, աճուրդի կհանվի։ Արևագորգ ստեղծվելու համար նվիրաբերած յուրաքանչյուր լուման տրամադրվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Արևագորգ

Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին է պատկանում Արևագորգ կամ Ջրաբերդ գորգը: Կենտրոնում պատկերված է զարդանախշ ծաղկած խաչ, որն արևի ճառագայթներով է շրջապատված: Հայակական մշակույթում ճառագայթներով խաչը հանդիսանում է արևի և լույսի խորհրդանիշ։ Այն պաշտպանիչ ուժ ունի:

Հիմնադրամի մասին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի պաշպանության ժամանակ կյանքը կամ առողջությունը զոհաբերած զինվորին կամ նրանց ընտանիքներին ֆինանսական հատուցում տրամադրելու առաքելությամբ։ 2020 թվականի պատերազմին, դժբախտաբար, հաջորդեց Հիմնադրամի շահառուների կտրուկ աճ։ Հիմնադրամի ֆինանսական միջոցների և պարտավորությունների միջև անդունդը մեծ է։ Միասին կարող ենք կանգնել զոհված զինվորի ընտանիքի թիկունքին, կանգնել հաշմանդամություն ձեռք բերած զինվորի կողքին՝ ապահովելով արժանապատիվ ապագա։